Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: Դրանցից շատերը թունավոր են և մահացու: Այդ պատճառով օրգանիզմները դրանք իրենց օրգանիզմից հեռացնում են արտաքին միջավայր:
Նյութափոխանակության հետևանքով գոյացած անպիտան և թունավոր արգասիքների ելքը օրգանիզմից դեպի շրջակա միջավայր կոչվում է արտազատություն:
![hello_html_5d3f041c[1].jpg](https://resources.cdn.imdproc.am/be22e165-c08e-44a7-bb90-1fea99be1f0b/hello_html_5d3f041c%5B1%5D-w694.jpg)
Ուշադրություն
Արտազատությունը կենդանի օրգանիզմների հիմնական կենսական հատկություններից է:
Շնչառության արգասիք ածխաթթու գազը արտազատվում է անմիջապես շնչառական համակարգի կողմից: Բայց պետք է հեռացնել նաև ավելորդ ջուրը` H2O, մնացորդային աղերը, ազոտ (N) պարունակող թունավոր նյութերը և այլն:
Ջուրը լավ լուծիչ է, ուստի հեռացվում են նաև նրանում լուծված մնացյալ արգասիքները: Հաճախ դրանք կարող են հեռացվել կուտակված չոր մնացորդների տեսքով:
Արտազատությունը տարբեր կերպ է կատարվում բույսերի, կենդանիների և մնացած օրգանիզմների մոտ:
Միաբջիջ օրգանիզմների և ստորակարգ բազմաբջիջների մոտ արտազատությունը կատարվում է մարմնի ամբողջ մակերեսով:
Այս դեպքում սննդառությունն ու շնչառությունը և արտաթորությունը հակադիր գործընթացներ են: Նյութերի մուտքը շրջակա միջավայրից օրգանիզմ ապահովում են սնուցումն ու շնչառությունը: Նյութերի ելքը օրգանիզմից շրջակա միջավայր ապահովում է արտազատությունը:
Այս երկու գործընթացների փոխկապակցված ամբողջությունը կոչվում է նյութափոխանակություն:
Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի է ունենում նյութերի և նրանցում պարփակված էներգիայի փոխանակում:
Այն կազմավորումները, որոնք ունակ են նյութափոխանակության կոչվում են բաց համակարգեր:
Բույսերի մոտ արտազատությունը կատարվում է երկու ձևով.
1. Ամբողջ մակերեսով: Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ: Օրինակ` կաուչուկային խեժը: Որոշ արգասիքներ հեռացվում են տերևաթափի ժամանակ` տերևներում կուտակված:
2. Տերևի հերձանցքային բջիջներով: Ինչպես արդեն գիտեք հերձանցքներով կատարվում է ջրի գոլորշիացում: Ավելորդ ջուրն ու նրանում լուծված արգասիքները/ավելցուկային աղերը, լուծելի մնացորդները/ հեռացվում են ջրի գոլորշիացմամբ:
Կենդանիների մոտ արտազատությունը կատարվում է հետևյալ կերպ.
1. Պարզագույն կենդանիները արտազատում են մարմնի ողջ մակերեսով:
2. Բարձրակարգ կենդանիների արտազատությունը կատարվում է մասնագիտացված արտազատության օրգան համակարգերի միջոցով:

Օղակավոր որդերի արտազատությունը կատարվում է ձագարաձև հավաքող օրգանների միջոցով, որոնք միասին կազմում են արտաթորության համակարգ:
Միջատների արտազատությունը ապահովում են երկար խողովականման օրգանները` մալպիգյան անոթները:
Ողնաշարավոր կենդանիների, նաև մարդու արտազատությունը կատարվում է բարդ կազմավորված օրգանների` երիկամների օգնությամբ:
Երիկամները մեզի տեսքով օրգանիզմից հեռացնում են ջրի ավելցուկն ու նրանում լուծված մնացյալ արգասիքները:
Արտազատության շնորհիվ կայուն մակարդակի վրա է պահպանվում կենդանի օրգանիզմի ներքին միջավայրն ու քիմիական բաղադրությունը:

Արտազատության խափանման հետևանքով ցանկացած օրգանիզմ թունավորվում է և արդյունքում կարող է մահանալ:
Աղբյուրները
Հարցեր
1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը:
Բույսերը ունեն տերևների վրա անցքեր, մազիկներ, որոնցով իրականացնում խարամների հեռացումը։
2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:
Միջատների արտազատության օրգանները հատուկ անոթներն են, որոնք կույր ծայրով սկսվում են
մարմնի խոռոչից և բացվում են հետնաղու մեջ։
3. Ո՞րն է կոչվում արգասիք:
Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ
4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:
Բույսերն արտազատության մասնագիտացված օրգաններ չունեն, սակայն բոլոր դեպքերում խարամները հեռացնում են օրգանիզմից կամ կուտակում հատուկ պահեստարաններում։ Ողնաշարավոր կենդանիների արտազատության հիմնական օրգանը երիկամներն են, որոնք արյան միջից հեռացնում են նյութափոխանակության հեղուկ արգասիքները: