Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:
Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:
Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:
Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:
Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.
1. Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:
Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:
2. Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:
Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:
Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:

Բարդու բողբոջները բնորոշվում են կպչուն խեժով, սուր ծայրով, հաճելի հոտով: Ուռենու բողբոջները ծածկված են միայն մեկ, թասակաձև թեփուկով: Բռնչենու բողբոջները թեփուկներ չունեն: Արոսենու բողբոջները ծածկված են յուրահատուկ խավով: Սև հաղարջենու բողբոջներն օժտված են անուշահոտությամբ: Թանթրվենու բողբոջները, հակառակը, ունեն տհաճ հոտ: Լաստենու բողբոջներն ունեն կատվիկներ ու փոքր կոներ:
Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:
Ուշադրություն
Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:
Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:
Օրինակ
Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:
Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:
Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:
Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:
Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):
Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:
Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:
Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:
Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:
Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

Բույսերի մեծ մասի տերևները կազմված են տերևակոթունից և տերևաթիթեղից: Տերևակոթունը տերևաթիթեղը ամրացնում է ցողունին: Տերևաթիթեղները տարբեր են ձևով, չափով, գունավորմամբ:

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):
Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):