18-րդ դարի վերջերից բալլադի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը զգալի փոփոխության են ենթարկվում։ Ռոմանտիկ բանաստեղծները բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում երկխոսությունները, որոնց միջոցով էլ հաճախ առաջ է շարժվում գործողությունը։ Դեպքերի նկարագրությունը միշտ ենթարկվում էր հեղինակի քնարական մտահղացմանը, հուզական ուժեղ տպավորության հասնելու նպատակին։ Պատմվում են միայն գործողության հիմնական օղակները, առանց կապակցող բացատրությունների։ Այդ հատկանիշները, որոնք արդեն հատուկ էին Շիլլերի, Գյոթեի, Վալտեր Սքոթի բալլադներին, զգալի չափով պահպանվեցին նաև ժանրի պատմության հետագա փուլերում։
Ռոմանտիկ բանաստեղծների բալլադներում գործողությունը հաճախ իրական աշխարհից տեղափոխվում էր երևեկայության ոլորտը, ներկայացվում իբրև խորհրդավոր ուժերի և հրաշապատում երևույթների թատերաբեմ։ Հաճախ հանդես էին գալիս ուրվականներ, կենդանացող մեռելներ, ոգիներ, սատանաներ ու կմախքներ, չարագուշակ գերեզման ու խորհրդավոր լուսին։ Իսկ ռեալիստ բանաստեղծները՝ Ա. Պուշկինը, Ռոբերտ Բըրնսը, Հ. Թումանյանը, պահպանելով հադերձ սյուժեի ավանդական-լեգենդային հիմքը, շատ պատկերների պայմանական և անսովոր բնույթը, բալլադն օժտեցին կյանքի իրական գծերով, կենդանի խոսակցական լեզվով (օր.՝ Ա. Պուշկինի «Ջրահեղձը»)։
Ժանրի դասական օրինակներ են անգլիական ժողովրդական բալլադները Ռուբին Հուդի մասին, Գյոթեի «Անտառի արքան», Ալեքսանդր Պուշկինի «Օլեգի երգը», «Ջրահեղձը»։ Հայ գրականության մեջ բալլադի լավագույն օրինակներ են Հ. Թումանյանի«Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը», Ավետիք Իսահակյանի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը», «Ասպետի սերը», Հովհ. Հովհաննիսյանի «Արտավազդը» և այլն։