Մովսես Խորենացի

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թվականներին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ  գավառի Խորեա(ն) գյուղում (ըստ Կորյունի վկայության. Մ. Խորենացին իր մանկության տարիներում սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայր Սյունիքում՝ Մեսրոպ Մաշտոցի այնտեղ հիմնած դպրոցում)։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թվականին, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թվականից հետո՝ հավանաբար 434-435 թվականների ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն` 440 թվականի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s