Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 73-74

Նյութը պատրաստեց` Ն. Մովսիսյանը

Ռուսա բ-ի մասին

Ռուսա բ-ը եղել էր Արգիշտի Բ-ի, որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։

Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։

Մոտ մ.թ.ա. 590 թ. միդիացիների հարվածներից վերջնականապես ընկավ Տուշպա մայրաքաղաքը, իսկ Ուրարտուի կենտրոնական հատվածները մտան Միդիայի կազմի մեջ։ Նույն ճակատագրին է արժանանում նաև Թեյշեբաինի քաղաքը, որի գրավմանն ու կործանմանը մասնակցում էին տեղական ցեղախմբերը և սկյութները։ Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց էր մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիսարևմտյան կողմից՝ Հրազդան (Իլդարունի) ձախ ափից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։

Թեյշենաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում։ Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Վանի թագավորության շատ բերդ-ամրոցներում՝ մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Վանի թագավորության և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը։ Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին հզոր թագավորներից մեկի՝ Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը։ Մ.թ.ա. 714 թ. ասսուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Վանի թագավորություն կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, Վանի թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը՝ Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը։ Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն։ Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում։

Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում։ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605 թ.) Վանի թագավորությունը ենթարկվում է կործանիչ արշավանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից։ Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին։ Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր։ Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936 թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված։ Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է Վանի թագավոր՝ Արգիշտիի որդի Ռուսայի անունը։ Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939 թ.՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s