Տորք Անգեղ

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է։ Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է, որին տգեղության պատճառով Անգեղ են կոչել։ Տորքը ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքում, եղունգներով տաշում, դարձնում տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակում։

Տորք Անգեղը մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական։ Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան։ Մի գարուն Տորքին թախիծ է պատում, որից նա ազատում չէր գտնում։ Օրեր, գիշերներ թափառում էր նա՝ թախծոտ աչքերն արևին հառած։ Աստղիկ դիցուհին վերևից տեսնելով նրան, իջնում է նրա մոտ և հարցնում տխրության պատճառը։ Տորքը պատասխանում է, որ իր թախծի պատճառն իր միայնությունն է, առանց սիրո մնալը. և ո՞վ կսիրի իր նման աժդահա ու տգեղ մեկին։ Եվ սիրո դիցուհին նրան հայտնում է չքնաղ կույս Հայկանուշի մասին, ո՛րը միայն կարող է սիրել Տորքին։ Տորքը գտնում է գեղեցկուհուն, փոխադարձ սեր գտնում նրանից և թախիծը փարատում։

Տորք Անգեղը չի գործածում ոչ թուր և ոչ նետ, այլ միայն իր տեսքով սարսափ է ազդում թշնամիների ու չարագործների վրա։ Բայց երբ նրանք երես են առնում, այն ժամանակ նա դիմում է ուժին։ Չարժե նրան զայրացնել, որովհետև այն ժամանակ արդեն փրկություն չի լինի։ Մի անգամ թշնամիները նավով գալիս են Պոնտական կամ Սև ծովի ափ և այնտեղից հարձակվում Հայոց բնակավայրերի վրա։ Մեծ ավերածությունների ու կոտորածի լուրը հասնում է Տորքին և նա ելնում է թշնամիների դեմ։ Վերջիններս, սարսափած նրա վիթխարի հասակից, ամեհի ուժից և իրենց շարքերում գործած կոտորածից, վազում են դեպի Պոնտոսի ափ՝ իրենց նավերով փախչելու հսկայից։ Տորքը մի փոքր ուշ է հասնում, երբ թշնամիների տորմիղը ափից բավականին հեռացել էր, և ինքն այլևս չէր կարող հասնել նրանց։ Եվ գազազած հսկան լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում ու նետում նրանց ետևից։ Ծովում, ժայռերի անկման վայրում, զորեղ ալեկոծություն է բարձրանում, և թշնամիների նավերը խորտակվում են։

Տորք Անգեղի անվան մեջ զուգակցվել է երկու դիցանուն՝ հողմն ու ամպրոպը մարմնավորող հին փոքրասիական Տարու, Տարքու, Տուրգու կամ Տրգա աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները։ Հավանաբար սկանդինավյան դիցաբանության աստվածներից Տորը ևս դիցաբանական այս կերպարի մի մարմնավորումն է, որը նույնպես, ինչպես Տորքը, խորհրդանշում է հզորություն և հանդիսանում է մարդկանց պաշտպան։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ շումերաաքքադական Ներգալ աստծու անունը փոխարինված է Անգեղով։ Վերջինիս պաշտանմունքի վայրը, ըստ երևույթին, եղել է Մեծ Հայքի նշանավոր Անգեղտուն գավառը, որի կուսակալ է նշանակվել, ըստ Մովսես Խորենացու, Տորք Անգեղը, և սրանից էլ ծագել է իշխանական տոհմանունը՝ Անգեղ տուն։ Տորքի «Անգեղեա» մակդիրը Խորենացու ժամանակ ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան։ Ելնելով դիցանվան երկրորդ ձևից՝ Տուրք, ինչպես նաև Սեբեոսի մի վկայությունից, գտնում են, որ հնում Տորք Անգեղը ժողովրդական ստուգաբանությամբ ընկալվել է իբրև Անգեղ աստծու տուրք, այսինքն՝ Անգեղի տված պարգև։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s