Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին։ Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով։ Երբ 1918 թվականին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցային բարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցին փետրվարի 1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցին չընդունեց այդ բարեփոխումը, որից էլ՝ նախկին խորհրդային ժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելու սովորությունը։

Նոր տարին Շվեդիայում
Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր։ Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է։ Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ պապու կերպարանքով։ Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել։ Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա։

Նոր տարին Ֆինլանդիայում
Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։ Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն։ Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ պապին։ Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ։
