Շունն ու կատուն

Հովհաննես Թումանյան

I

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Հա՛մ ասում ես, հա՛մ չես կարում,

Հա՛մ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Ճոն – մորթուց, կաշվից հագուստ կարող
որդիանց որդի – որտեղից որտեղ
ճանկել – թռցնել, ձեռք գցել
ձմեռնամուտ – աշնան վերջը, ձմռան սկիզբը
կուշտը – մոտ
քուրք – մուշտակ
կուճի –  գլուխ
հրես – ահա, հիմա
մուշտարի – հաճախորդ
վախտին – ժամանակին
ցրցամ տալ – ջուր ցանել, որ փափկի
դիպան իրար – կռվեցին, վիճեցին
դիվանբաշի – դատավոր
կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ
մթամ – իբր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s